Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Սև հովազ» մականունով «առյուծը»

«Սև հովազ» մականունով «առյուծը»
17.12.2013 | 12:08

Երկու օր հանած, ուղիղ հիսուն տարի առաջ նա ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ` պատմության մեջ դառնալով առաջին ու մինչև այժմ միակ դարպասապահը, ում շնորհվեց «Ոսկե գնդակ»: Անհավանական ճարպկության համար աշխարհը նրան մեծարում էր «Սև հովազ» մականունով, թեև անունը թարգմանաբար նշանակում է «առյուծ»: Այդ մեծ մարզիկը համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լև Յաշինն է:
Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում Լև Իվանովիչը հանդես է եկել բացառապես Մոսկվայի «Դինամոյի» կազմում: «Ոսկե գնդակի» տիրակալներից հարազատ ակումբին նման բացառիկ նվիրվածությամբ կարող է պարծենալ մեկ էլ հանրահայտ Ֆլորիան Ալբերտը, ով տասնյոթ տարի հանդես եկավ «Ֆերենցվարոշում»` չճանաչելով ֆուտբոլային այլ աստվածություն: Սակայն Լև Յաշինը նրան գերազանցել է և այստեղ: «Դինամոն» նրա միակ ու անկրկնելի սերն է եղել ուղիղ քսաներկու տարի:
Իհարկե, եթե վերցնենք արդի չափանիշները, 1963-ին «Ոսկե գնդակ» պատվավոր ավարին հարկավ կտիրանար լեգենդար Պելեն, ով այդ տարի հարազատ «Սանթոսի» կազմում դարձավ Միջմայրացամաքային գավաթի գավաթակիր` չորս գնդակ խփելով «Միլանի» դարպասը: Սակայն այն ժամանակ «Ոսկե գնդակը» շնորհվում էր բացառապես եվրոպացի ֆուտբոլիստներին (սույն արգելանքը, ինչպես հայտնի է, վերացվել է 1995 թվին): Ի դեպ, այս նոր կանոնակարգով էլ Պելեն չէր կարողանա մրցակից լինել Յաշինին, քանի որ, թեպետ վերանայվեց ֆուտբոլիստի քաղաքացիության հարցը, սակայն պարտադիր նորմ էր նրա պատկանելությունը եվրոպական ակումբին: Այս սահմանափակումը վերջնականապես վերացվեց միայն 2010 թվին, երբ զուգահեռաբար շնորհվող «Ոսկե գնդակ» ու «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակները միավորվեցին մեկ անվանակարգում:
Թերես կարելի էր սույն նյութի շրջանակներում հիշել ու հիշատակել Լև Յաշինի նվաճած բոլոր տիտղոսները, սակայն ի՞նչ իմաստ ունի այդպես վարվելը, երբ նրան է պատկանում «Քսաներորդ դարի լավագույն դարպասապահ» պատվավոր կոչումը, որով արդեն իսկ ամեն ինչ ասված է:
Նյութն ավարտելուց առաջ հիշատակենք մի դեպք, որը ոչ պակաս ամբողջական պատկերացում կարող է տալ Լև Յաշինի անսահման մեծության մասին: 1960 թվին` Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի ավարտից հետո, որտեղ Խորհրդային Միության հավաքականը հռչակվեց աշխարհամասի չեմպիոն, նրան է մոտենում Մադրիդի «Ռեալի» այն ժամանակվա նախագահ Սանտյագո Բեռնաբեուն ու, ցուցադրաբար հանելով բանկային գրքույկը, դարպասապահին առաջարկում է գրել աշխատավարձի այն չափը, որի դիմաց կցանկանա տեղափոխվել «Ռեալ»: Թիմակիցները առաջարկում են Յաշինին. «Լյովա, մի ամաչիր, իսկ ավելի լավ է` գրի այնպիսի թիվ, որ այդ միլիոնատիրոջ գլխի մազերը բիզ-բիզ կանգնեն»: Երբ սույնը թարգմանում են սինյոր Բեռնաբեուին, նա սկզբում ժպտում է, ապա լրջորեն ասում. «Ես նրա համար իսկապես պատրաստ եմ վճարելու ցանկացած գումար, եթե դրա համար պահանջվի վաճառել նույնիսկ իմ տոհմական բոլոր ադամանդները և անգամ եթե հարկ լինի ընկնելու պարտքերի տակ: Սակայն անգամ այդպիսի գումարը բավարար չի լինի, քանի որ պարոն Յաշինն իրականում գին չունի, ինչպես գին չունեն մեր «Պրադո» ազգային թանգարանում գտնվող մեծագույն գեղանկարիչների կտավները»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ